Հայաստանն այլևս չպետք է անտեսվի գաստրոնոմների և գինու սիրահարների կողմից. Forbes
Հայկական ուտեստները հարուստ են ոչ միայն համով, այլև պատմությամբ: Այսպես է հայկական խոհանոցի մասին իր տպավորությունները Forbes ամսագրում նկարագրել Բրեաննա Ուիլսոնը, ով գրում է իր արկածային ուղևորությունների մասին:
Ըստ լրագրողի՝ հայկական խոհանոցն առանձնանում է իր բազմազանությամբ:
«Համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները և գինու ավանդույթները, որոնք աշխարհում առաջիններից են, կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ ոտք կդնեք այդ երկիր: Դրանք Հայաստանը դարձնում են մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գաստրոնոմների և գինու սիրահարների կողմից», – նշվում է հոդվածում:
Ուիլսոնը հայկական ուտեստները բնութագրում է իրենց «պայթուցիկ համով» և շեշտում, որ խաշից մինչև հորած պանիր, յուրաքանչյուր նույնիսկ ամենապարզ կերակրատեսակի հետևում ինչ-որ ավանդույթ կամ պատմություն կա թաքնված:
Հայկական խոհանոցին և դրա ավանդույթներին ավելի լավ ծանոթանալու համար լրագրողը խորհուրդ է տալիս չբավարարվել Երևանի ռեստորաններով և սրճարաններով:
Forbes-ի հոդվածում առաջարկվում է ավանդական կերակուրներ վայելել Արենիում, Դսեղում անձամբ մասնակցել սննդի պատրաստման գործընթացին՝ հավաքելով սունկ, խոտաբույսեր և հատապտուղներ, Վայքում սովորել հորած պանիր պատրաստել, Մեղրիում ծանոթանալ տեղի խոհանոցային մշակույթին, իսկ Արտաբույնք գյուղում սովորել գաթա պատրաստել և, իհարկե, այս ամենի հետ վայելել հայկական գինի:
Forbes-ի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: