Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու հարցով Հայաստանը չի պատասխանում Ռուսաստանին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, ով դեռևս անհայտ ընթացակարգով Հայաստանում հայտարարված է անցանկալի անձ, ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, առաջիկայում այցելելու է Հայաստան:

Առավոտից տարածվող տեղեկությունների համաձայն, Զատուլինն ընդգրկված է նոյեմբերի 22–ին Հայաստանի Հանրապետություն այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում:

168.am-ի հետ զրույցում Կոնստանտին Զատուլինն ասաց, որ այդ մասին ինքը ոչինչ չգիտի:

«Ես չունեմ ոչ մի հրավեր՝ մասնակցելու այն պատվիրակությանը, որի հետ մեկնելու է ՌԴ նախագահը»,- ասաց Զատուլինը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իր օրակարգում ՀՀ այց չունի:

Կոնստանտին Զատուլինը հաղորդեց, որ հայկական կողմից որևէ պարզաբանում չի ստացել իր անձը ՀՀ-ում անցանկալի համարելու որոշման առնչությամբ, որը նրան ուղղվել էր ՀՀ ԱԺ-ի կողմից:

«Դեռ հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ու ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը այդ կապակցությամբ, հստակ հարցեր ուղղելով հայկական կողմին: Այդ հարցերին մինչ այս պահը պատասխան չկա»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնենք, որ Զատուլինի նախաձեռնած «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստից առաջ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր, հոկտեմբերի 25-ի կեսօրին այս որոշման մասին հաղորդեց «Հայկական ժամանակը»՝ կից տեղադրելով Զատուլինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը։ Նույն օրը Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին, որում ասվում էր, թե Զատուլինի հրապարակային հայտարարությունները վնասում են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Նամակը մասնավորապես ուղարկվել էր ՀՀ ԱԺ արտաքին կապերի կառավարման վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անունից:

Տեսանյութեր

Լրահոս