Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8.658 տարվա ազատազրկման
Թուրքական դատարանը «Ադնան Հոջա» մականունով հայտնի թուրք շոումեն և հրապարակախոս Ադնան Օքթարի գործով վճիռ է կայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ 2018-ից կալանավորված Օքթարի բոլոր քրգործերով կայացված դատավճիռների արդյունքում բանտարկության ժամկետի հանրագումարը կազմել է 8.658 տարի:
2018-ին թուրքական ոստիկանության իրականացրած մեծածավալ գործողությունների արդյունքում Օքթարից բացի ձերբակալվել էին նաև նրա համախոհները (176 հոգի): Շոումենի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։
Օքթարն ու գործով անցնող մյուս ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսություն անելու, փողեր լվանալու, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։
Օքթարը Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) անվամբ հաղորդմամբ, որը բազմիցս արժանացել է իսլամական պահպանողական թուրքերի խիստ քննադատության։ Պատճառն այն էր, որ այդ հաղորդմանը մասնակցում էին բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք։
Տեղեկացնենք, որ Օքթարը Թուրքիայում հայտնի է, որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։
Նա հեղինակել է շուրջ 300 գիրք, անդրադարձել է մասոնականությանը և հուդայականությանը։