Ֆրանսիայի Սենատի բանաձևը՝ Արցախի անկախ կարգավիճակն առաջ մղելու խաղաքարտ

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Տևական ժամանակ հայ-ֆրանսիական մամուլում քննարկվող այս բանաձևը հիստերիա է առաջացրել Բաքվում, որն իր հերթին՝ սպառնում է Միլի Մեջլիսի միջոցով պատասխանել այս բանաձևին:

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկում է Ֆրանսիայի իշխանությունների կողմից ալժիրցիների ցեղասպանության վերաբերյալ լսումներ անցկացնել։

Բաքվի հիստերիան, իհարկե, վաղաժամ և անտեղի է, քանի որ բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար, և խիստ կասկածելի է՝ Ֆրանսիան կգնա՞ պատժամիջոցների Ադրբեջանի դեմ, թե՞ ոչ: Այս հարցից ֆրանսիացի դիվանագետները խուսափում են: Բացի այդ, Սենատի բանաձևից առաջ, ինչպես նաև Ալիևի կողմից Մակրոնի անաչառ միջնորդի դիրքը կասկածի տակ դնելու ֆոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ վերահաստատելով Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել: Սակայն Սենատի բանաձևը, չնայած իր խորհրդատվական բնույթին, կարևոր շեշտադրումներ է պարունակում, որոնք կարևոր են՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի հետագա ճակատագրի ու դրա աշխարհաքաղաքական ընկալումների տեսանկյունից:

Փաստաթուղթը կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

Բանաձևով վերահաստատվում է 2020 թվականի պատերազմից հետո Սենատի՝ Արցախի անկախության ճանաչման կոչը, որ բանաձևի տեսքով ամրագրվել էր, մասնավորապես վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով, ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։

«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է բանաձևում։ Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը: Այս բանաձևը Արցախի անկախության ճանաչման կոչ պարունակող 2020 թ. բանաձևի նմանությամբ հեղինակել են նույն սենատորները:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Սենատի կողմից ընդունված բանաձևը: «Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։ Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,- ասված է հայտարարությունում:

Չնայած Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ավանդական թեզերին՝ բանաձևը ցույց է տալիս, որ Արցախի անկախության, սուբյեկտայնության թեման ընկալելի է միջազգային հանրության համար կամ գոնե Ֆրանսիայի, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացով ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության հետ միասին: ՀՀ իշխանությունների ցանկության դեպքում այս բանաձևը և նման բանաձևերը կարող են լուրջ խաղաթուղթ դառնալ հայկական կողմի համար Արցախի անկախ կարգավիճակի համար պայքարի կոնտեքստում:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական կողմի համար սա Ֆրանսիայի աջակցությունն է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ըստ նրա, էական չէ, որ բանաձևն ունի խորհրդատվական բնույթ, այն ամենաքիչը տեղեկատվական ֆոն է ստեղծում, իսկ ավելի լայն առումով՝ քաղաքական գործիք է, քաղաքականություն:

«Դա հնարավորություն է տալիս թեզեր առաջ մղելու, ամրապնդելու հայկական բանակցային դիրքերը: Մյուս կողմից՝ սա, ինչպես տեսնում ենք, խնդիրներ է ստեղծում հենց Ֆրանսիայի համար, որը շարունակում է միջնորդական ջանքերը, բայց նաև կարող է, որպես միջնորդ, խնդիրներ ունենալ, քանի որ լուրջ քննադատության է ենթարկվում»,- ասաց նա:

Նրա խոսքով, բանաձևերն առավելապես տեղեկատվական ազդեցություն ունեն, և եթե այն արժանանա այն ճակատագրին, ինչ տարիներ առաջ քվեարկված բանաձևը, ապա որևէ ազդեցություն չի ունենա:

«Ակտիվ օգտագործելու դեպքում գուցե հայկական կողմի որոշ մոտեցումներ ավելի լսելի լինեն»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս