
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքը չի ազդի Ճապոնիայի հետ հարաբերությունների վրա. Տոկիո

2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքը չի ազդի Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Ճապոնիայի հետ հարաբերությունների կարևորության ընկալման վրա: Նման գնահատական է տվել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն նոյեմբերի 16-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ձեռնպահ ենք մնում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադելու՝ Դոնալդ Թրամփի որոշման հետ կապված մեկնաբանություններից: Սակայն ԱՄՆ-ի թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունում ընդունում են Ճապոնիայի հետ դաշինքի կարևորությունը, ուստի մենք կարծում ենք, որ այս ընտրությունների ելքը չի ազդի Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից մեր երկրի կարևորության ընկալման վրա», – նշել է Մացունոն: Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում: Դրանից ոչ շատ առաջ ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հայտնվել էր փաստաթուղթ, որտեղ նշված է, որ նա արդեն ներկայացրել է հայտը: