
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած անձը ձերբակալվել է

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած տղամարդուն։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
«Մեր գնահատականներով՝ հրամանը եկել է Քոբանիից, իսկ հարձակման հեղինակը եկել է Աֆրինից», – ասել է Սոյլուն։
Բացի այդ, պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդու՝ պայթյունի հետ առնչություն ունենալու կասկածանքով։
Տեղեկության համաձայն՝ վկայությունները ցույց են տալիս, որ պայթյունը կազմակերպել է PYD-ն (YPG-ի ռազմական թևը, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված PKK-ի սիրիական թևն է համարվում):
Նոյեմբերի 13-ին որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ 81 տուժածներից 39-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։
Նախարարը հավելել է, որ հոսպիտալացվածներից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երկուսի վիճակը ծանր է: