
Ճապոնիայի վարչապետը Չինաստանին մեղադրել է Տոկիոյի սուվերենությունը խախտող գործողությունների մեջ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հանդես գալով Կամբոջայում անցկացվող Արեւելաասիական գագաթնաժողովում, Չինաստանին մեղադրել է Արեւելա-Չինական ծովում Տոկիոյի սուվերենությունը խախտող գործողությունների մեջ: Այդ մասին գրում է Kyodo-ն:
Հրատարակությունը ճշտում է, որ, ըստ երեւույթին, Կիսիդան նկատի ուներ ՉԺՀ-ի նավերի մուտքը Սենկակու կղզու (չինական անվանումը՝ Դյաոյուդաո) մերձակա ջրեր, կղզեխումբ, որի պատկանելությունը վիճարկում են Չինաստանը եւ Ճապոնիան: Ճապոնիայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Թայվանի շուրջ կայունությունը կարեւոր հարց է, որն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա:
Օգոստոսին ՉԺՀ-ն Թայվանի շուրջ զորավարժությունների շրջանակներում արձակել է բալիստիկ հրթիռներ, որոնք ընկել են ճապոնական Օկինավա պրեֆեկտուրային պատկանող Ռյուկյու կղզեխմբի Հատերումա կղզուց դեպի հարավ-արեւմուտք:
Ավելի վաղ հուլիսին Ճապոնիան բողոք էր ներկայացրել ՉԺՀ-ին առափնյա պահպանության չինական երկու նավերի՝ Սենկակու արշիպելագի մերձակա ջրեր մտնելու կապակցությամբ: Դրանից առաջ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ չինական ֆրեգատը գտնվել է «ճապոնական ջրերի սահմաններից դուրս», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: