Բաժիններ՝

Ինձ դավաճանված եմ զգում. Ռոնալդուի սկանդալային անդրադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում առկա խնդիրներին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանրահայտ լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցով անդրադարձել է իր անձի շուրջ վերջին շրջանում տարածվող լուրերին և խոսել «Կարմիր սատանաների» ունեցած խնդիրներից:

Ռոնալդուն հարցազրույցի ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Էրիկ Տեն Հագին, ինչպես նաև անդրադարձել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի՝ իր հասցեին արած հայտարարություններին:

«Այն զգացողությունն ունեմ, կարծես ինձ դավաճանել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը: Այո, ես ինձ դավաճանված եմ զգում և ոչ միայն այս տարի, այլ նաև նախորդ տարի ևս»,-ասել է պորտուգալացին:

Ռոնալդուին դուր չի եկել այն փաստը, որ ակումբն իրեն քավության նոխազ է դարձել` թիմի ունեցած անհաջողությունների ֆոնին:

«Ես չեմ հարգում Էրիկ Տեն Հագին, քանի որ նա էլ ինձ չի հարգում: Չեմ հասկանում նաև, թե ինչու է Ուեյն Ռունին այդ կերպ խիստ քննադատում ինձ: Գուցե, պատճառն այն է, որ ինքն ավարտել է կարիերան, իսկ ես շարունակում եմ բարձր մակարդակով խաղալ»,-ասել է նա:

Պորտուգալացին առանձնացրել է, որ անգլիական ակումբ է վերադարձել սրտի թելադրանքով և հաշվի է առել Ալեքս Ֆերգյուսոնի հորդորը` չմիանալ «Մանչեսթեր Սիթի»-ին:

«Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ մի զարգացում չի ապրել: Առաջխաղացումը զրոյական է: Ֆերգյուսոնը բոլորից լավ գիտի, որ ակումբը ճիշտ ճանապարհով չի գնում: Բայց ամենակարևորը երկրպագուներն են: Նրանք միշտ իմ կողքին են: Ինձ համար երկրպագուներն ամեն ինչ են»,-ասել է հարձակվողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս