Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ նշել առանձին սննդամթերքների գների աճը. հարցում

Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ նշել առանձին սննդամթերքների, այդ թվում՝ հացի, կաթի, ձվի, ինչպես նաեւ ոչ պարենային ապրանքների գների աճը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի հարցման արդյունքները:

Ռուսաստանցիների 28 տոկոսի կարծիքով, վերջին ամսում նկատելիորեն աճել են հացի եւ հացաբուլկեղենի գները՝ մեկ շաբաթ առաջվա 25 տոկոսի դիմաց: Մսի գների աճ են նշել հարցման մասնակիցների 36 տոկոսը, 33 տոկոսը հայտնել է, որ թանկացել են կաթն ու կաթնամթերքը՝ մեկ շաբաթ առաջվա 31 տոկոսի դիմաց:

Նաեւ, ըստ տվյալների, ռուսաստանցիների մեկ քառորդը (25 տոկոսը) նշել է, որ վերջին ամսվա ընթացքում նկատելիորեն աճել են ձվի գները. մեկ շաբաթ առաջ այդպես էր կարծում 21 տոկոսը, 24 տոկոսը հայտնել է ձեթի գների աճի մասին (մեկ շաբաթ առաջվա 19 տոկոսի դիմաց), 26 տոկոսը՝ շաքարի, 19 տոկոսը՝ պտուղ-բանջարեղենի, 30 տոկոսը՝ ձկան ու ծովամթերքի, 23 տոկոսը՝ ձավարեղենի եւ մակարոնեղենի, 12 տոկոսը՝ ալկոհոլային խմիչքների գների աճի մասին: 23 տոկոսը կարծիք է հայտնել, որը տնտեսական ապրանքներից թանկացել են մաքրող միջոցները (մեկ շաբաթ առաջվա 20 տոկոսի դիմաց), 22 տոկոսը՝ անձնական հիգիենայի պարագաները (մեկ շաբաթ առաջվա 19 տոկոսի դիմաց):

Ռուսաստանցիները նշել են նաեւ, որ ոչ պարենային ապրանքներից աճել են հագուստի (25 տոկոս), էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի (19 տոկոս), շինանյութերի (21 տոկոս), դեղամիջոցների եւ բուժամիջոցների (32 տոկոս), բենզինի (18 տոկոս) գները: Բացի այդ, ռուսաստանցիները հայտնել են ծառայությունների գների աճի մասին: Այսպես, հարցման մասնակիցների յուրաքանչյուր չորրորդի կարծիքով թանկացել է բնակարանային-կոմունալ ծառայությունների արժեքը, 19 տոկոսը՝ բժշկական ծառայությունների, 12 տոկոսը՝ փոխադրամիջոցների, 13 տոկոսը՝ կենցաղային ծառայությունների արժեքը: Հարցումը նոյեմբերի 4-6-ն անցկացվել է ՌԴ 53 սուբյեկտների 104 բնակավայրերում. դրան մասնակցել է 1500 քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս