
Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը

Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին:
«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները (նկատի ունի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան. հեղ) Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, աշխարհի կանոնն է»,- եզրափակեց Զախարովան: