Վիրավոր ձիուն շահագործելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երկու օր առաջ սոցիալական տարբեր ցանցերում քաղաքացիները ահազանգում էին արյունոտ բաց վերքով սպիտակ ձիուն Գյումրիում ֆայտոնով շահագործելու մասին: Քաղաքացիները լուսանկարներ և տեսանյութեր էին տեղադրում` ահազագելով բաց վերքով ձիու անմարդկային շահագործման մասին` դատապարտելով և զբոսաշրջիկներին կոչ անելով չօգտվել այդ ձիով ֆայտոնից, բոյկոտել:
«Սա անմարդկային վերաբերմունք է, անհոգի կերպարներ եք, սադիզմ է»,-արդարացիորեն գրում էին քաղաքացիները։
Գյումրիի համայնքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետարանը որևէ գործառույթ չունի կառապանների աշխատանքը կարգավորելու համար, կառապաններն անկախ են աշխատում, հետևաբար համայնքապետարանը չի կարող սահմանափակել նրանց աշխատանքը, իսկ տվյալ պարագայում ձին կառապանի սեփականությունն է։
«Մեր պաշտոնյաները լուսանկարների տարածումից հետո կապ են հաստատել կառապանի հետ, որը գյումրեցի է և պահանջել են դադարեցնել այդ վիճակում կենդանու շահագործումը։ Կառապանը մեր պաշտոնյային փոխանցել է, որ ինքն ունի անասնաբույժի համապատասխան թույլտվությունը կենդանուն շահագործելու վերաբերյալ։ Ամեն դեպքում այժմ ինքը ձիուն չի օգտագործում։ Նա ոստիկաններին պարզաբանել է, որ վերքն առաջացել է նոր թամբի հետևանքով»,- լրագրողի հետ զրույցում ասել էր Առաքելյանը։
Ժամեր առաջ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։