«Խոզնավարում տեղ ունենք, որտեղ դիրքերի տարբերությունը մի քանի մետր է, նույնիսկ զինվորներն են երևում դեմքերով». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Ջերմուկի տարածք ներթափանցած խումբը շարունակում է մնալ իր զբաղեցրած վայրում։

«Մենք այցելել ենք նաև Ջերմուկի հատվածի սահմանային կետեր և մենք մեր աչքով ենք տեսել այն, ինչը կա, հետևել ու հետևում ենք այնտեղ իրականացվող աշխատանքներին, հատկապես սահմանների կահավորման և անհրաժեշտ դիրքերի պատրաստման։ Այո, տեղեր կան, որ թշնամու դիրքերը երևում են, երևում են հեռադիտակով, անզեն աչքով, այո, դիտողականություն կա, բայց այն հատվածից, որտեղից արդեն սահմանն ավարտվում է։

Մենք Խոզնավարում տեղ ունենք, որտեղ դիրքերի տարբերությունն ընդամենը մի քանի մետր է, նույնիսկ զինվորներն են երևում, դեմքերով։ Նրանց առաջխաղացումից հետո, մեր դիրքային այսօրվա իրավիճակը թույլ է  տալիս անզեն աչքով տեսնել նրանց դիրքերը, բնական է, որ կերևա»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Ջերմուկի հատվածից դիերի դուրսբերմանը, Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահի դրությամբ էլ են աշխատանքներ իրականացվում, և վերջնական ամփոփումն առաջիկայում տեղի կունենա։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներին մասին էլ Արմեն Խաչատրյանը փոխանցեց իր կարծիքը՝ կցանկանար, որպեսզի նրանք երկար մնային։

Տեսանյութեր

Լրահոս