«Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար»․ Քերոբյան
Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։
Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։
Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը:
Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար:
Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։
«Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար»,- նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:Համաժողովը մեկ ընդհանուր հարթակում է
ներդրողների, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների, դեսպանատների ներկայացուցիչների։
«Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերի կողմից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից պակաս են: Զարգացած ֆինանսական էկոհամակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերն ունեն բանկային վարկավորման և արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի հետ համադրելի ծավալներ։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- նշեց BDO-ի գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։
«Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը»,- եզրափակեց Քերոբյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Orior Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ։