Փաշինյանը բուհական ուղղությունների ցանկը մշակող աշխատանքային խումբ է ստեղծել եւ հաստատել դրա կազմը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բուհական ուղղությունների ցանկը եւ բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել եւ հաստատվել դրա կազմը: Խումբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.

1) նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.

2) նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.

3) նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.

4) ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.

5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.

6) բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.

7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը:

Տեսանյութեր

Լրահոս