Նավթի արժեքը նվազել է Չինաստանից ստացվող նորությունների ֆոնին
Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 7-ի առավոտյան նվազում են, քանի որ ներդրողները գնահատում են այն նորությունները, որոնք կապված են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների հետ: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:
Երեւանի ժամանակով 08:45-ի դրությամբ Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազում է 1,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 97,56 դոլար, WTI մակնիշի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,28 տոկոսով, մինչեւ 91,44 դոլար: Անցած շաբաթ ներդրողներն սպասում էին, որ Չինաստանի իշխանությունները կվերացնեն կորոնավիրուսային սահմանափակումները:
Սակայն հանգստյան օրերին Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը հանձնառու է լինելու վիրուսի նկատմամբ զրոյական համբերություն քաղաքականությանը, հիշեցնում է ING Groep NV-ի հումքային ապրանքների ստրատեգիայի բաժնի ղեկավար Ուորեն Պատերսոնը, որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
«Այսօր ամեն բան կախված է Չինաստանից. այն քննարկումները, թե կմեղմացնի նա արդյոք վիրուսային սահմանափակումները, կթելադրի գների դինամիկան»,-գործակալությանն ասել է Australia & New Zealand Banking Group Ltd.-ում հումքային ապրանքների ավագ ստրատեգ Դենիել Հայնսը: Այն դեպքում, եթե ՉԺՀ-ն մեղմացնի սահմանափակումները, նավթի գները կարող են աճել պահանջարկի մեծացման ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: