Ասկերանի շրջանում Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը. ռուս խաղաղապահներն արձանագրել են խախտումը
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախումբն արձանագրել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից կրակի դադարեցման ռեժիմը խախտում՝ Ասկերանի շրջանում։ Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի վրա»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմից բացված կրակի հետևանքով գյուղատնտեսական տեխնիկան վնասվել է։
Համաձայն հաղորդագրության՝ դեպքի առնչությամբ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը ադրբեջանական կողմի հետ քննություն է տանում։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ երեք երթուղիներով՝ Մարտակերտում, Մարտունիում և Շուշիում, իրականացվել է պարեկություն։