Վրաստանում տղամարդկանց աշխատավարձն ավելի բարձր է, քան կանանցը
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է երկրում վճարվող աշխատավարձերի մասին նոր զեկույց, որի համաձայն տղամարդկանց աշխատավարձն ավելի բարձր է, քան կանանցը՝ բոլոր պաշտոններում: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Geostat-ի փոխանցմամբ, ղեկավար պաշտոնում կանանց աշխատավարձը սահմանվել է 1 863,5 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2 768,9 լարի։
Հատկանշական է, որ, ըստ սեռերի՝ աշխատավարձերի տարբերությունն ամենաբարձրն է ոչ որակավորում ունեցող աշխատողների դիրքում, որտեղ կանանց միջին աշխատավարձը 53,5 տոկոսով ցածր է տղամարդկանց աշխատավարձից:
Geostat-ի տվյալների համաձայն, աշխատուժի միջին տարեկան ծախսերի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, իսկ ամենացածրը՝ կրթության ոլորտում:
Պետական հատվածում աշխատուժի միջին տարեկան ծախսերը 19.8 տոկոսով ցածր են ոչ պետական հատվածի համեմատ: