Բանակցային հաջորդ կանգառը՝ Միացյալ Նահանգներ. Ի՞նչ են քննարկելու Միրզոյանը և Բայրամովը Բլինքենի միջնորդությամբ
Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Միրզոյանը նշել է, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
Սա հատկապես ուշագրավ տեղեկություն է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից ու հոկտեմբերի 31-ին Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններից, համաձայնեցված եռակողմ տեքստից հետո:
ՌԴ նախագահն ակնարկել էր, որ կա խաղաղության համաձայնագրի երկու տարբերակ: Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի պատրաստվում Երևանին որևէ բան պարտադրել՝ որոշման տարբերակի ընտրությունը հայ ժողովրդի և ղեկավարության գործն է»։
«Այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»,- ասել էր Պուտինը։
Այս ելույթին հաջորդեց հայկական կողմի վստահեցումը, թե դեռ սեպտեմբեր ամսին է հայկական կողմը համաձայնել ռուսական առաջարկներին՝ անելով բազմիմաստ ակնարկ՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն ինքը կաջակցի իր իսկ առաջարկներին: Սոչիի հոկտեմբերի 31-ի բանակցություններն ավարտվեցին եռակողմ հայտարարությամբ, որում չկար որևէ խոսք ռուսական առաջարկներն ընդունելու մասին: Ավելին, կար ձևակերպում.
«Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը»։ Որևէ խոսք չկար նաև Արցախի և Արցախի կարգավիճակի մասին: Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը չէր համաձայնել Արցախի կարգավիճակի հարցով որևէ «խոսակցության», սակայն ռուսական կողմն այս մասով շարունակեց հստակ հայտարարությունները: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս նշեց, որ ԼՂ կարգավիճակն այն հարցն է, որը կարելի էր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն պայմաններ բոլորի համար ընդունելի, արդար լուծման համար։
Վերադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում ամերիկյան ակտիվությանը, հարկ է հիշեցնել, որ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ նախաձեռնությամբ 2 բարձրաստիճան հանդիպում է տեղի ունեցել: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի հարձակումից հետո: Սրան հաջորդել էր սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպումը, որի ընթացքում քննարկված փաստաթուղթը գաղտնազերծվել էր թելեգրամյան ալիքներում:
Այս տեքստով կողմերը պարտավորվել էին, որ ԱԳ նախարարները կսկսեն գրավոր տեքստի վրա հիմնված բանակցությունները՝ մինչև տարվա վերջ խաղաղության համաձայնագիրն ավարտելու համար, մինչև տարեվերջ ավարտել հայ-ադրբեջանական միջազգային սահմանների սահմանազատումը:
«Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանն իրենց քննարկումների վերաբերյալ»,- ասված էր փաստաթղթում՝ շարունակելով, որ կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ:
Սպիտակ տանը քննարկված փաստաթղթում նշվում էր նաև, որ կողմերը պարտավորվել են շարունակել ներգրավված լինել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղի ստեղծելու քննարկումների մեջ, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ մուտքը: Ամենայն հավանականությամբ, վաշինգտոնյան տարբերակ ասելով՝ ՌԴ նախագահը Սպիտակ տանը քննարկված հենց այս փաստաթուղթը նկատի ուներ, որը, կարելի է ասել, որ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման արևմտյան կամ բրյուսելյան տարբերակի հիմքն է:
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կարևոր է, որ Սոչիի հանդիպումից հետո Արևմուտքը, սեպտեմբերյան բախումներից հետո ավելի ակտիվացած ԱՄՆ-ը չի դադարեցնում իր միջնորդությունը, որն այսօր ազդեցիկ է:
Նրա խոսքով, ակնհայտ էր, որ ՌԴ-ն փորձում էր գրավել բանակցային նախաձեռնությունը, իր տարբերակն առաջարկել կողմերին կամ փնտրել տարբերակներ, որոնք նոր լուծումներ են պարունակում, միևնույն ժամանակ սպասարկում են ՌԴ շահերը տարածաշրջանում:
«Չեմ կարծում, թե ԱՄՆ-ում սպասվող հանդիպմանը կոնկրետ փաստաթուղթ է քննարկվելու, այլ ԱՄՆ-ը փորձելու է հետևել, հասկանալ, թե որտեղ են հասել կողմերը և որքանով են հետևողական իրականացնել սեպտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ կայացած հանդիպումների պայմանավորվածությունները:
ԱՄՆ-ի համար սկզբունքային չէ՝ համաձայնագիր կկնքվի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ ԵՄ-ում, կարևոր է, որ Արևմուտքը պահպանի իր ներգրավվածությունն ու ազդեցությունը, որպեսզի հետագա էսկալացիաներ տեղի չունենան:
Ավելի հավանական է մտածել, որ ԱՄՆ աջակցությամբ գործընթացը վերջնակետին կարող է հասնել Բրյուսելում, քանի որ ղեկավարներով հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Բրյուսելում: Բայց այս հանդիպումը նշանակում է, որ Արևմուտքը չի ցանկանում կորցնել ակտիվության այս գիծը և զիջել իր դիրքերն Արևմուտքին: Իհարկե, գործընթացը կախված է կողմերից, և կարծում եմ՝ ԱՄՆ-ը, Բրյուսելի միջնորդության հարցում իրական վտանգներ նկատելով, է՛լ ավելի ակտիվացավ ու բարձրաստիճան նախաձեռնություններ սկսեց: Այս դեպքում էական չէ՝ դա վաշինգտոնյան փաթե՞թ է, թե՞ բրյուսելյան, գործում են մեկ ճակատով»,- ասաց նա: