ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ․ Կոբախիձե

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ոտնձգոություն է դատարանի անկախության նկատմամբ։ Այդ մասին․ ըստ aliq.ge-ի՝ Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ԶԼՄ-ների համապատասխան հարցին։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի գործընկերները պետք է զգույշ արտահայտվեն օրենքի գերակայության և դատարանների անկախության մասին։

«Ես պետք է մի քիչ կոպիտ գնահատեմ նման հայտարարությունները։ Մենք ոչ մի դեպքում չենք ներում դատարանի անկախության նկատմամբ միջամտությունը կամ ազդեցությունը դատարանի որոշումների վրա։ Երեկ ես տեսա ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, դա ուղղակի ոտնձգություն էր դատական ​​իշխանության անկախության նկատմամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, որի հիման վրա «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտվել է ազատազրկման։ Ըստ դեսպանատան տարածած հայտարարության` այդ որոշումը վտանգի տակ է դնում երկրի եվրոպական ապագան։

Տեսանյութեր

Լրահոս