Մոտ ապագայում դրական արդյունք կլինի. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ գործընթացների մասին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցադրումներին՝ նշեց.
«Հանրահայտ է այն, որ գործընթացն առանց նախապայմանների է, և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում և առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև՝ այդ մակարդակից դուրս՝ արդեն նաև մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասաց նա:
ԱԳ նախարարը հավելեց, որ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին:
«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա. խոսակցությունը շարունակվում է, և կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց նա: