Գրավոր ապացույցների հետազոտման փուլում հրթիռների գործով դատական նիստերը սկսել են հետաձգվել
Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով հաջորդ շաբաթվա դատական նիստը տեղի չի ունենա։
«Դատարանի հետ կա պայմանավորվածություն, որ դատական նիստերը պետք է տեղի ունենան ամեն շաբաթ, որը, ըստ էության, խախտվում է: Պատճառաբանությունը սա է՝ գործող 2 մեղադրողներն էլ միաժամանակ գործուղվելու են արտերկիր, և նրանք որևէ կերպ չեն ցանկանում, որ իրենց այլ մեղադրող փոխարինի: Այս պահին ապացույցների հետազոտման փուլում ենք: Դեռ գրավոր ապացույցները պետք է հետազոտման ենթարկվեն, նոր անցնենք հարցաքննության փուլին»,- 168.am-ին հայտնեց հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 25-ի և նոյեմբերի 1-ի նիստերն ընդհատվել և չեն շարունակվել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարին կալանքից ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ արժեքով նրա բնակարանի գրավադրման դիմաց:
Օրերս նաև ՀՀ վերաքննիչ դատարանն է մերժել՝ փոխելու Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը:
Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը գործի շրջանակում, բացի նրա նախկին տեղակալ Մակար Ղամբարյանից, այլ անձի հետ առերեսում տեղի չի ունեցել: