Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, սովորության համաձայն, բոյկոտել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
«Ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջոցառումների կազմակերպման ընթացքը»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող ժողովին, որպես ատենապետ, մասնակցում է նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Նկատենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թեպետ ԳՀԽ ատենապետներից մեկն է, սակայն պատրիարք ընտրվելուց ի վեր՝ բոյկոտում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները:
Փաստորեն, հետպատերազմական իրավիճակում անգամ Նուրհան արքեպիսկոպոսը չփորձեց հաղթահարել տարաձայնությունները Վեհափառ Հայրապետի հետ:
Ի դեպ, Երուսաղեմի պատրիարքը ՀՀ աշխարհիկ հատվածից, կարծեք, դժգոհություններ չունի. նա առաջիններից էր, որ 2018 թվականին սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այս տարիներին էլ ջերմորեն ընդունում է տարատեսակ վոյաժներով Երուսաղեմ հասած իշխանական թիմի տարբեր ներկայացուցիչների: