Բաժիններ՝

Լճաշենում վերսկսվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները

Ավելի քան 2 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Լճաշեն գյուղում ընթանում են Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 2014 թվականից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2013 թվականի օգոստոսին Լճաշենի համայնքապետարանի նախաձեռնությամբ գցվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքերը, Գեղարքունյաց թեմի այդ ժամանակվա հոգեւոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է հիմնարկեքի արարողությունը:Սակայն, կարճ ժամանակ անց, տարբեր պատճառներով ընդհատվել է եկեղեցու շրինարարությունը։

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը, մի շարք նվիրյալ ու սրտացավ լճաշենցիների հետ համատեղ, պարբերաբար հետամուտ են եղել Լճաշենում կանգուն եւ գործող եկեղեցի ունենալուն: Քննարկվել է 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե խոնարհված եկեղեցու վերակառուցման եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակելու հարցը։ Համավարակի ու պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բոլոր նախաձեռնությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Միայն 2022 թվականի ամռանը վերջնական որոշում կայացվեց՝ շարունակել Լճաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու ընդհատված շինարարությունը։

Լճաշենցի վաստակաշատ ճարտարապետ Հայկ Թարփոշյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճատարապետների ու լճաշենցի ճարտարապետ Հայրապետ Սիմոնյանի հետ համագործակցված քննարկումների արդյունքում Լճաշենի բազալտով կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լճաշենցիներն ուխտել են, որ միասնական ու միահամուռ ուժերով կկառուցեն այս սուրբ տաճարը:

«Այժմ եկեղեցու աշխատանքներն իրականացվում են լճաշենցիների ներդրումների հաշվին, հատկացում է կատարվել նաեւ համայնքային բյուջեից, որը լինելու է շարունակական»,-ներկայացրին Սեւան համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս