
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը օդուժի վարժանքներ են սկսել շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ. Yonhap

Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 31-ին սկսել են Vigilant Storm հնգօրյա զինավարժանքները շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ. ռազմաօդային ուժերի՝ նման մասշտաբով զորավարժություններ չեն անցկացվել գրեթե հինգ տարի: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է Yonhap գործակալությունը: Զինավարժանքները տեղի կունենան Կորեական թերաղզու երկնքում:
Սեուլը կներգրավի մոտավորապես 140 ինքնաթիռ, ներառյալ F-35A, F-15K եւ KF-16 կործանիչներ: Ամերիկյան կողմը գործի կդնի շուրջ 100 միավոր տեխնիկա, ներառյալ F-35B նվազ նկատելի կործանիչներ Ճապոնիայում գտնվող ռազմակայանից, EA-18 ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ, U-2 բարձրագործ հետախույզ ինքնաթիռ եւ KC-135 լցավորիչ ինքնաթիռ: Այսպիսով, երկու կողմերն էլ կներգրավեն հինգերորդ սերնդի կործանիչներ: Զորավարժություններին կմիանան Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:
Ընդամենը զինավարժանքների շրջանակներում պլանավորվում է ավելի քան 1 600 ինքնաթիռ-թռիչք: Ներկայիս զինավարժանքները նման են Vigilant Ace զորվարժություններին, որոնց անցկացումը 2018 թվականին դադարեցվեց Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի օրոք, որը ձգտում էր երկխոսության ԿԺԴՀ-ի հետ: Օդուժի վարժանքները կկայանան Սեուլի եւ Վաշինտոնի այն հայտարարությունների ֆոնին, թե ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում կատարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: