2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի
ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«2022 թվականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 46.5 տոկոս, ինչպես նաև 146 հազար 565 նույնականացման քարտ, նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելի:ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր, նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 29.7 տոկոսով»,- ասաց Ֆիդանյանը:
Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի:
«Քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել ու ընթացք է տրվել 21 հազար 113 գործի», – նշեց Ֆիդանյանը: