Հայաստանում Լիտվայի դեսպանության ներկայացուցիչն այցելել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի դպրոց
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի Ս.Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում 2019 թվականից գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիային կից այս տարի հիմնադրվել է բնապահպանական ակումբ՝ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակներում, որտեղ հիմնականում կատարվում է թղթի վերամշակում եւ էկո տոպրակների պատրաստում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, այդ գործում նրանց աջակցել են «ISSD» ՀԿ-ն եւ Հայաստանում Լիտվայի դեսպանությունը։ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Արմաթցիներ» բնապահպանական կենտրոնի բացման կապակցությամբ դպրոց է այցելել Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը։
«Արդեն գործում է մեր բնապահպանական կանաչ կենտրոնը, որտեղ թուղթը, որը պետք է հայտնվեր աղբավայրում, վերամշակվում է եւ դառնում նոր թուղթ, որից իր հերթին ստանում ենք վկայականներ, նոթատետրեր եւ այլ նյութեր։ 2019 թվականից Սարուխանի թիվ մեկ միջնակարգ դպրոցում գործում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Խմբակի դասերին հաճախում է 50-60 աշակերտ։ 2022 թվականին, երբ «Գետերի ափամերձ տարածքների մաքրում» ծրագրի շրջանակներում հայտարարվեց մրցույթ դպրոցականների շրջանում, որտեղ պետք է երկրորդ կյանք տայինք թափոններին՝ խմբակը որոշեց մասնակցել։ Համատեղ որոշեցինք՝ ինժեներության հետ զուգահեռ զբաղվել նաեւ բնապահպանությամբ։ Ստացանք առաջարկ ISSD ՀԿ-ի կողմից, որ տեսակավորենք դպրոցի աղբը եւ վերամշակենք։ Վերամշակվում է թուղթ, որը նոր կյանք է ստանում Հայաստանում Լիտվայի դեսպանության կողմից ֆինանսավորվող wastolution ծրագրի շրջանակներում: Բնապահպանական ակումբի դասասենյակի վերանորոգման աշխատանքները կատարվել են խմբակի սաների, դպրոցի տնօրենի, համագյուղացի մասնագետներ Արսեն Բաբոյանի եւ Խաչիկ Ֆթոյանի ջանքերով, իսկ շինանյութ, ներկեր, լամինատ եւ այլ պարագաներ նվիրաբերել է Լիտվայի դեսպանությունը»,-ներկայացրեց Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Արմաթ»-ի եւ բնապահպանական կենտրոնի խմբավար Նախշուն Մարկոսյանը։
Խոսրով Խլղաթյան