
Բարելավվում է Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ ճանապարհահատվածը

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների տարբեր վթարավտանգ տեղամասերի, բարելավվում է նաեւ Սեւանի տարածաշրջանի Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ հատվածը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ Այն ֆինանսավորում են «Համաշխարհային բանկը» եւ ՀՀ Կառավարությունը։
Աշխատանքները տարվում են «Հ-29, Սեւան-Ծաղկունք-Զովաբեր» ավտոճանապարհի՝ մոտ 1 կմ երկարությամբ տեղամասում։ Ծրագիրը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։
Հոկտեմբերի 31-ի դրությամբ արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները,այժմ ընթանում են անվտանգության տարրերի՝ ճանապարհային նշանների, աղմկող շերտերի, արգելափակոցների տեղադրման եւ նշագծման աշխատանքները։
Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 109 միլիոն դրամ։
Խոսրով Խլղաթյան