
Իրանի զինված ուժերի էլիտար զորամիավորումները մաքսանենգ նավթով նավ են կալանքի վերցրել

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը կալանքի են վերցրել 11.000 տոննա մաքսանենգ նավթով նավ: Ինչպես հոկտեմբերի 31-ին հաղորդում է Fars գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցում:
«Ի կատարումն Հորմոզգանի նահանգի դատավորի որոշման Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի 1-ին ռազմածովային օկրուգի զինծառայողները կալանել են օտարերկրյա բեռնախոսադրող նավ՝ 11.000 տոննա մաքսանենգ նավթով»,- մեջբերում է գործակալությունը նահանգի դատական իշխանությունների ներկայացուցիչ Մոջթաբա Գարխամանիի խոսքը:
Նավապետը եւ նավի անձնակազմը կալանքի տակ են վերցվել հետաքննություն անցկացնելու ժամանակ: Որոշվում է այն իրավական եւ ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք մասնակից են նավթի ապօրինի բեռնառաքմանը:
Ապրանքների եւ արժույթի մաքսանենգության դեմ պայքարի մասին օրենքի 20-րդ եւ 22-րդ հոդվածներին համապատասխան մեղավորներին, բացի ազատազրկումից, սպառնում է տուգանք՝ ապօրինի փոխադրվող ապրանքի արժեքի 10-ապատիկ չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: