Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճեց համաշխարհային Operalia 2022 մրցույթի Առաջին մրցանակը եւ Ռոլեքսի կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը․ orer.eu
Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։
Տղամարդկանց անվանակարգում Առաջին մրցանակի է արժանացել ԱՄՆ ներկայացնող երիտասարդ տենոր Էնթնի Լեոնը /Anthony León/, ում տրվել է նաեւ Պլասիդո Դոմինգոյի հոր անվան մրցանակը՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela։ Տղամարդ կատարողներից հանդիսատեսի մրցանակին արժանացավ Հարավային Կորեայից բարիտոն Յոնգյուն Պարկը/Youngjun Park/։ Մրցանակները հանձնել է անձամբ Պլասիդո Դոմինգոն։
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույն հաղթանակին էր հասել մեր երիտասարդ տաղանդավոր տենոր Նավասարդ Հակոբյանը։
Ի դեպ, Ջուլիանան անցյալ տարի չեխական Բռնոյում հանդես եկավ Հայաստանի մշակույթի օրերին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալով եզրափակիչ համերգի վերջում։
Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ հայրենակցուհուն եւ մաղթում կանաչ լույս օպերային արվեստի բարձունքներին հասնելու ճանապարհին։