ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը Գուջարաթ նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հոկտեմբերի 30-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամուրջ է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, 2 մարդ անհետ կորած է համարվում:
ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը.
«Խորապես ցնցված ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը: Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:
140 տարի առաջ կառուցված կամուրջը վերջին երկու տարիներին չի գործել: Այն վերակառուցումից հետո վերաբացվել էր հոկտեմբերի 26-ին: Հնդկաստանի իշխանությունների տվյալներով փլուզման պահին կամրջի վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ: Հնդկական մամուլի հրապարակումների համաձայն՝ կամրջի վերակառուցումը իրականացվել է մասնավոր կազմակերպության կողմից, այն բացվել է առանց պիտանելիության սերտիֆիկատի: