
Ոստիկանությունը 27 միլիոն դրամ է վճարել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին

Հայաստանի Ոստիկանությունը շուրջ 27 միլիոն դրամ է վճարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին։
Խոսքը վերաբերում է «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին, որի հետ մեկ անձից գնման ընթացակարգով Ոստիկանությունն այս շաբաթ՝ հոկտեմբերի 28-ին, կնքել է գնման պայմանագիր՝ 150 մեքենայի ԱՊՊԱ-ն անելու համար։
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես «Սիլ ինշուրանս»-ը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է հայտնվել մեկ անձից գնումների առաջին հորիզոնականներում։
Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմը 2018 թվականին 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը մեկ անձից գնման ընթացակարգով կնքել է հենց «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ 2 մլն 313 հազար դրամի դիմաց։
Նույնն արել է նաև 2019 թվականին. նույն ընկերության հետ կնքելով 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր՝ Փաշինյանի աշխատակազմի 87 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող 200 հազար դոլարանոց BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենային ԱՊՊԱ-ն ևս անում է «Սիլ Ինշուրանս»-ը, որի հետ, ԱԺ-ն կնքել է 1․602․000 դրամի պայմանագիր։
Ի դեպ՝ պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարվա պայմանագիրը ևս ԱԺ-ն կնքի «Սիլ Ինշուրանսի»-ի հետ։