Երբ մեկը փորձում է հասկանալ, թե ՀՀ անվտանգության ուղին որն է, հստակ պատկեր չի կարող ֆիքսել. Թալին Փափազյան

Ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանի դիտարկմամբ՝ անվտանգային խնդիրների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ ֆիզիկական անվտանգությունը, որն իր մեջ ներառում է Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի կյանքի նկատմամբ ցանկացած սպառնալիք, և դիվանագիտական անվտանգությունը, այսինքն՝ ինչպես աջակցել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի նա ձևավորի արդյունավետ դաշինքներ:

«Թե ֆիզիկական, և թե դիվանագիտական անվտանգություններն ինքնիշխան պետականության տիրույթներ են: Այսինքն՝ Սփյուռքը կարող է աջակցել, բայց որոշումները Հայաստան պետությունն է կայացնում՝ պատասխանատվություն կրելով նաև Սփյուռքի հանդեպ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նիստի ժամանակ ասաց Թալին Փափազյանը: Վերջինս նշում է, որ սեպտեմբերյան վերջին սրացումից հետո զգացել է համախմբման միտում, ինչը շատ կարևոր է:

Խնդիրների թվում Թալին Փափազյանն առաջին հերթին նշեց այն, որ հստակորեն չի ուրվագծվում՝ որն է Հայաստանի անվտանգության ուղին:

«Սա շատ մեծ խնդիր է, որովհետև դա նշանակում է կամ միջնաժամկետ համահունչ տեսլականի բացակայություն, կամ ոչ բավարար հասանելիություն դրսի օղակների համար: Մենք տեսանք, որ սեպտեմբերից ի վեր Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը փլուզված է: Ես համոզված չեմ՝ արդյո՞ք 20 թվականից ի վեր Հայաստանը տվել է այն հարցի պատասխանը, թե իր Զինված ուժերի գլխավոր առաքելությունն ինչն է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջին սեպտեմբերյան դեպքերը պետք է ստիպեն հստակ տալ այդ հարցի պատասխանը:

Թալին Փափազյանը շեշտեց՝ Սփյուռքի խնդիրը միջնաժամկետ հեռանկարի համար Հայաստանին օգտակար լինելն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս