Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ

Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի կապակցությամբ։

Փամբուկչյանն ընդգծել է, որ 2022թ. սեպտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի վրա՝ ընդհանուր սահմանի երկայնքով՝ դրանով իսկ ծաղրի ենթարկելով 2020թ․ ստորագրված զինադադարի հայտարարությունը:

«Հարձակումը տեղի ունեցավ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կրած կորուստների ֆոնին՝ այն հույսով, որ ԵՄ չի արձագանքի դրան էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որի միջով անցնում է։ Ագրեսիայի այս ակտն ընդհանուր սահմանի երկայնքով գտնվող հայկական բնակավայրերում հանգեցրել է մարդկային զոհերի թե՛ զինված ուժերում, թե՛ բնակչության շրջանում, թե նյութական ավերածությունների»,- ասել է պատգամավորը:

Նա հավելել է, որ հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: «Հարձակումը դատապարտվել է ԵՄ կողմից՝ Եվրախորհրդարանի միջոցով, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների կողմից. բոլոր հայտարարություններում կոչ Ադրբեջանին կոչ է արվել վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ն առկա դիրքեր»,- նշել է Փամբուկչյանը։

Նրա խոսքով՝ այս զինված ագրեսիայի և կատարված պատերազմական հանցագործությունների դեմ հանդես են եկել ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը․ ավելանում է այն պետությունների թիվը, որոնք պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ հրադադարի պայմանագրի ստորագրման պահին առկա իրավիճակին։

«Թեև այս դարասկիզբը, թվում է, թե դեռևս 20-րդ դարի ուժերի ազդեցության տակ է, գնալով ավելի քիչ տեղ է մնում ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար: Այն մոտեցումը, որ դրանք կարող են անտեսվել միջազգային հանրության կողմից անմիջական գործնական պատճառներով, այլևս գործածական չէ, և սա կենդանի ապացույց է, որ աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, բարոյական վերաբերմունքի և արագ արձագանքելու լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Ես միանում եմ քաղաքակրթության այն ձայներին, որոնք կոչ են անում ուժ չկիրառել միջազգային հարաբերություններում՝ դատապարտելով բոլոր չարաշահումները և պատերազմական հանցագործությունները»,- եզրափակել է Վարուժան Փամբուկչյանը:

Տեսանյութեր

Լրահոս