Երիտասարդը գյուղում 3 տնից գողություն էր արել
Հոկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Ոստան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ:
Ոստան գյուղում բնակարանային գողության առաջին դեպքը չէր. ևս մեկը եղել էր օգոստոսին, մյուսը` մարտին: Վերջին գողությունը նման էր նախորդներին. տանը մարդ չկար, և տեխնիկական միջոց կիրառելով՝ բացել էին տան հետնամասի պատուհանը, կոտրել ննջարանում դրված սեյֆը և տարել զարդեր ու փող:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Վարկածը, որ երեք գողությունն էլ մեկ մարդու ձեռքի գործն է, նեղացրեց կասկածվողների շրջանակը:
Ի վերջո, Արտաշատի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, և հոկտեմբերի 19-ի ցերեկը, երբ արդեն ձեռք էին բերվել բավարար ապացույցներ, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Ոստան գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին և փաստերի ճնշման տակ տվեց խոստովանական ցուցմունք:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը խոստովանեց, որ մարտի 24-ին, ճշտելով, որ տանը մարդ չկար, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել Ոստան գյուղի մեկ այլ տուն և գողացել ոսկյա զարդեր ու 250 հազար դրամ: Նույն կերպ, արդեն օգոստոսի 31-ին, մտել էր Ոստան գյուղի ևս մեկ տուն ու կրկին փող ու ոսկեղեն տարել:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: