
Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում. Զախարովա

Ռուսաստանը համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Եվրամիությունը որոշում ընդունի սառեցված ռուսաստանյան ակտիվները բռնագրավելու վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե բանը հասնի ռուսաստանցիների ակտիվների կամ մեր պետական պահուստների բռնագրավմանը, ապա Ռուսաստանն ի պատասխան համապատասխան միջոցներ կձեռնարկի»,-ասել է նա:
Զախարովան «գողություն» է որակել ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը: Դիվանագետը նաեւ նշել է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «գերեզման կդնի ԵՄ-ի համբավը»:
«Այդ ամենը կեղծ իրավաբանական վարժություններ են, դրանց իրագործման դեպքում վերջնականապես այդ ամենը գերեզման կդնի Եվրամիության անունը՝ որպես իրավունքի գերակայության կողմնակցի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: