Վճռական խաղ երկու թիմերի համար․ «Սլովան»-«Փյունիկ»
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» կհյուրընկալվի Բրատիսլավայի «Սլովանին»: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին: Երևանում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով:
Հանդիպումը երկու կողմերի համար էլ մրցաշարային տեսանկյունից մեծ նշանակություն ունի, քանի որ խմբում բոլոր չորս թիմերը դասավորվել են մեծ խտությամբ. «Բազել» (7 միավոր), «Փյունիկ (6 միավոր), «Սլովան» (5 միավոր) և «Ժալգիրիս» (4 միավոր): Այս խմբի զուգահեռ խաղում «Բազելը» սեփական հարկի տակ կընդունի «Ժալգիրիսին:
«Սլովանը» անսպասելիորեն ձախողվեց մեկնարկային տուրերում, բայց չորս միավոր վաստակեց «Բազելի» հետ (2:0 և 3:3) և պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու լավ հնարավորությունները:
«Փյունիկը» նույն 2:0 հաշվով երկու հաղթանակ տարավ «Սլովանի» և «Ժալգիրիսի» նկատմամբ, ինչը թիմին շարունակում է թողնել երկրորդ հորիզոնականը: Այս խաղում հաղթանակը փլեյ-օֆֆ լավ շանսեր կտա հայկական թիմին։
Թե՛ «Սլովանը» և թե՛ «Փյունիկն» իրենց երկրների ներքին առաջնություններում անցկացրած վերջին խաղերում հաղթանակներ են տարել: «Սլովանը» Սլովակիայի Ֆորտունա լիգայի 15-րդ տուրում մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Սկալիցայի» նկատմամբ: «Փյունիկն» իր հերթին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Գյումրիում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակին»:
««Փյունիկը» այն մակարդակի թիմ է, որ թույլ չի տալիս մրցակիցներին թերագնահատել իրեն: Նախորդ խաղում «Սլովանը» արեց իր առավելագույնը և «Փյունիկն» էլ արեց իր առավելագույնը: Սակայն մենք գործ ունենք լուրջ թիմի հետ, որը կարող է տանն առավել լավ հանդես գալ, քան` Երևանում»,-նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Գլխավոր մարզչի խոսքով`«Փյունիկը» լավ հնարավորություն ունի խմբից դուրս գալու համար: ««Փյունիկը» համեստ թիմ է՝ կամքի ուժով: Լուրջ հակամարտություն է լինելու, լուրջ հանդիպում է լինելու: Հույս ունենք, որ հաջողությունը մեր կողքին կլինի: Մեզ բարդ, շատ բարդ հանդիպում է սպասվում»,-ասաց նա:
«Փյունիկը» կորուստներով է մոտենում առաջիկա խաղին: Թիմի կազմից կբացակայեն մի շարք ֆուտբոլիստներ, որոնց անունները մարզիչը չտվեց: Մրցակիցը ևս կորուստ ունի․ ինչպես նշել էինք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մարզման ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել։