Աննա Հակոբյանը ծանոթացել է վերակառուցված «Իջևան» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Տավուշի մարզ։ Ինչպես տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, այցը մեկնարկել է «Իջևանի» բժշկական կենտրոնից:

Տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Վերջինս Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ հիվանդանոցի հին 2 մասնաշենքերը նորոգվել են բժշկական կենտրոնի միջոցներով, իսկ տեխնիկական վերազինման հարցում աջակցել են բարերարները:

«Իջևան» բժշկական կենտրոնի վերակառուցված և վերազինված 2 մասնաշենքերը 10 օր է, ինչ գործում են:

Վարչապետի տիկինը շրջել է բուժկենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, բուժկենտրոնի հնարավորություններին: Աննա Հակոբյանը բուժում ստացողներից հետաքրքրվել է նրանց առողջական վիճակի, մատուցված ծառայությունների մասին, առողջություն մաղթել նրանց:

Աննա Հակոբյանը շրջել է նաև երկրորդ մասնաշենքում, որտեղ համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) նոր սենյակն է:

Աննա Հակոբյանը շնորհավորել է բուժանձնակազմին` մասնաշենքերի վերաբացման և նման որակի սարքավորում ունենալու առիթով, հույս հայտնել, որ այս ամենը կօգնի մարզի բնակիչներին որակյալ ծառայություն ստանալ:

 

Տեսանյութեր

Լրահոս