ԵՄ դիտորդները մեկնել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաջին պարեկությանը

Հայաստանում ԵՄ դիտորդները մեկնել են իրենց առաջին պարեկությանը, հայտնում է Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը թվիթերյան միկրոբլոգում:

«Հայաստանում ԵՄ դիտորդները մեկնել են իրենց առաջին պարեկությանը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում նրանք կմշտադիտարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին նպաստելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Կից հրապարակվել է նաև տեսանյութ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները:

ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։

Տեսանյութեր

Լրահոս