Կարեն Անդրեասյանը փորձել է կառուցողական երևալ

168.amտեղեկացրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը երեկ Խորհրդի շենքում պիտի հանդիպեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործեր քննող դատավորների հետ:

Ավելի վաղ նա հանդիպել էր նաև վարչական մասնագիտացմամբ դատավորներին, երեկ կեսօրին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների հետ է շփվել, իսկ այսօր նույն գործընթացը կկրկնի արդեն իսկ քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումները տարբեր մասնագիտացմամբ դատավորների հետ անցնում են նույն սցենարով: Ամենուր տրվում են խոստումներ, որ իրենց հաջորդ հանդիպմանն արդեն բարձրացված բոլոր հարցերը լուծված են լինելու: Դատական համակարգում նույնիսկ կատակում են՝ ըստ ամենայնի հաջորդ հանդիպումը չի լինի, որովհետև այդ հարցերին տեսանելի ապագայում լուծում տալը դժվար կլինի:

Երեկ նույնպես Կարեն Անդրեասյանը քրեական վարույթներ քննող դատավորներին փորձել է հավաստիացնել, որ ինքը միայն բարի նպատակներով է եկել ԲԴԽ, որ ամեն ինչ անելու է դատավորների ու դատական համակարգի խնդիրները լուծելու համար:

Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է առանց էքսցեսների: Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանը զգուշավոր է և չի ուզում եկած-չեկած՝ հարաբերությունները սրել դատավորների հետ՝ սպասելով իր հնարավորությանը:

Տեսանյութեր

Լրահոս