Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ
Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ է բոլորի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, վստահ է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը: Նա այդ մասին լրագրողներին հայտարարել է Բաքվի Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում:
«Դա շահավետ է բոլորի համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Եվրոպայի: Այդ հաբը շահավետ է բոլորի համար: Պարզապես պետք Է հասկանալ, որ դա շահավետ է, պետք է լուրջ զբաղվել այդ հարցով: Լավ է, որ Թուրքիան համաձայնել է»,-նշել է Զուբկովը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Ռուսաստանի դաշնակիցը:
«Միշտ փոխանակման գործողություններ են մեզ մոտ: Նա մեզնից գազ է գնում, երբեմն իր կարիքների համար»,-հավելել է նա:
Հոկտեմբերի կեսերին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է «Հյուսիսային հոսքով» տարանցման կորսված ծավալը տեղափոխել սեւծովյան տարածաշրջան, լրացուցիչ գծեր գցելով Թուրքիայում, եւ ԵՄ-ի սահմանների մոտ ստեղծել գազային հաբ, որը կկարողանա այլընտրանքային դառնալ գազի գների որոշման մյուս կենտրոններին Եվրոպայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: