Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ին ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։
Նախաքննության ընթացքում Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2005 թ. ծնված բնակիչ է:
Վերջինս ձերբակալվել է, հարցաքննվել և տվել խոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: