«Պետք է դժվարացնենք սեփական մեքենայով քաղաքում հայտնվելը, ավելացնենք ավտոբուսների պարկը»․ ՏԿԵ նախարարը՝ Աղազարյանին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության խնդիրը։ Պատգամավորը դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց, որ արդեն 2 տարի է՝ այս խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ է անում և կարծես թե գտել է Երևանում երթևեկության ծանրաբեռնվածության խնդիրներից մեկի պատճառը․
«Երբ երեխաները ընդունվում են առաջին դասարան, դա արվում է էլեկտրոնային գրանցման սկզբունքով, այդ դեպքում իրավիճակներ են առաջանում, որ երեխաները ստիպված են լինում քաղաքի տարբեր մասերից տարբեր մասեր գնալ դպրոց, և ծնողները, տատիկները, պապիկներն առավոտյան երեխաներին տանում են դպրոց, կեսօրին երեխաներին դպրոցից բերում են տուն։ Մոտավոր հաշվարկներով՝ այսօր օրական 2 անգամ 3000-4000 այդպիսի տեղաշարժ կա, և մյուս տարի դա ավելանալու է»։
Պատգամավորը նախարարին հարցրեց, թե նպատակահարմար համարո՞ւմ են ուսումնասիրել այս հարցը և անել անհրաժեշտ հետևություններ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս պահին քայլեր են արվում երթևեկությունը կարգավորելու համար․
«Ընդհանուր, մեծ մասշտաբով այս խնդրից ձերբազատվելու հարցում, հատկապես կենտրոնի հետ կապված, հետևյալ քաղաքականությամբ ենք գնում կամ պիտի գնանք։ Հնարավորինս տրանսպորտային, ավտոբուսային պարկն ավելացնելն է և հնարավորինս դժվարացնել, որ մարդիկ իրենց մեքենաներով կենտրոնում հայտնվեն։ Այսինքն՝ մենք ունենանք նորմալ պարկ, որպեսզի բոլորին կարողանանք ժամային գրաֆիկով սպասարկենք և դժվարեցնենք՝ առիթ-անառիթ քաղաքի կենտրոնում սեփական մեքենայով հայտնվելը, որը մենք ունենք, և բերում է բազմաթիվ խնդիրների․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում