ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության պահպանության կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի մասնակից պետությունների ազգային պարբերական զեկույցների ներկայացման երրորդ շրջափուլի նախապատրաստական առցանց հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպումներին մասնակցել են նաև նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ)։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային պարբերական զեկույցի ձևաչափի լրացման մանրամասները, մեթոդները, ժամկետները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են զեկույցների մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ճանապարհները։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաններից ընդգրկված են Գեղարդավանք վանական համալիրը և Ազատ գետի հովիտը, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցը։
Հայաստանի համար պարբերական զեկույցի վերջնաժամկետը 2023 թ․ հուլիսի 31-ն է։