Հայ երգչուհու մասնակցությամբ օպերան բարձրացել է Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի բեմ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը Լեյլայի դերն է կերտել ականավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողը» օպերայում, որի առաջնախաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հեղինակավոր Կոլոն թատրոնում:
Այս մասին ասվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հասմիկ Թորոսյանից զատ օպերային ներկայացման մեջ ընդգրկված են եղել Ֆերնանդո Ռադոն, Դմիտրի Կորչակը և այլք: Ներկայացման ռեժիսորը Միխայիլ Զնանեցկին է, երաժշտական ռեժիսորը՝ Ռամոն Տեբարան:
«Մարգարիտ որոնողները» (Les pêcheurs de perles) երեք գործողությամբ օպերան Բիզեի առաջին օպերաներից է: Ֆրանսերեն լիբրետտոն՝ Էժեն Կորմոնի և Միշել Կարեի։ Առաջնախաղը կայացել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում:
«Մարգարիտ որոնողները» համարվում է Բիզեի լավագույն ստեղծագործություններից մեկը և հաճախ բեմադրվում է հեղինակավոր օպերային թատրոններում։ Գոյություն ունեն նաև օպերայի մի քանի ձայնագրություններ։ Օպերայի դրվագներից հատկապես հայտնի է “Au fond du temple saint” զուգերգը։