
Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Շրջանառության մեջ հիմնական բաժինն առավելապես BA.4 եւ BA.5 գենոտարբերակներինն է: Բայց անցած շաբաթ մենք հայտնաբերել ենք Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից է բերվել Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է Պոպովան:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի է, հիվանդացության նվազում է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:
«Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունն այսօրվա դրությամբ կառավարելի է, կարող եմ ասել, որ այն կայունանում է: Մենք նվազում ենք դիտում հինգերորդ շաբաթն անընդմեջ»,-ասել է նա:
Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել է Պոպովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: