Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքի բնակավայրերում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ եւ Զոլաքար բնակավայրերում դիտարկեց ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրան ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը եւ համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Արծվանիստում Կարեն Սարգսյանը դիտարկեց 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի եւ սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման առուների կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապապտման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազաֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։
Այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, ծանոթացավ շինարարության ժամանակ ի հայտ եկած հիմնախնդիրներին, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ եւ առաջարկություններ եւ հանձնարարեց՝ սեղմ ժամկետներում շտկել բոլոր սխալները։
Այցի ավարտին Կարեն Սարգսյանը գոհացուցիչ համարեց դիտարկման արդյունքները եւ աշխատանքների ընթացքը։ «Աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, եւ կան բավարար նախադրյալներ, որ բոլոր ծրագրերն ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Մենք նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գրեթե կրկնապատկել են շինարարական աշխատանքների ծավալները եւ այս պահի դրությամբ ունենք 230 շինհրապարակ, որտեղ ընթանում են ոռոգման եւ խմելու ջրատարների, լուսավորության ցանցի, մանկապարտեզների, մշակույթի տների, գազատարների կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարական եռուզեռը նկատելի է Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում, մարզի մյուս համայնքներում։ Այս պահին աշխատանքներ ենք տանում՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը կազմելու եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու ուղղությամբ եւ անում հնարավորը, որ եկող տարում ավելի բազմապատկենք շինարարության ծավալները՝ հիմնովին կարգավորելով բնակչության առջեւ տասնամյակներով ծառացած հիմնախնդիրները՝ կառուցելով ու շենացնելով մեր հայրենի աշխարհը»,-ներկայացրեց Կարեն Սարգսյանը։
Խոսրով Խլղաթյան