Հռոմի պապը Պուտինին և Զելենսկուն հրավիրել է Վատիկան՝ բանակցելու

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրում է Վատիկան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար, իսկ ավելի ուշ առաջարկում է Վատիկանում Եվրոպայում անվտանգությանն առնչվող մեծ համաժողով անցկացնել։

Ինչպես գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով ՌԻԱ «Նովոստի»-ին, այս մասին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը կապի մեջ է պոնտիֆիկոսի հետ։

«Ես այսօր զանգահարեցի Հռոմի պապին, նա օրհնություն տվեց նրան, որ իր անունից հայտարարեմ, որ պատրաստ է տրամադրել Վատիկանի ենթակառուցվածքը, և դա ոչ միայն Վատիկանն է, այլև Հռոմի բազմաթիվ շինություններ, Պուտինի և Զելենսկու հանդիպման համար: Դրանից հետո Հռոմի պապն առաջարկում է Վատիկանում Եվրոպայում անվտանգությանն առնչվող մեծ համաժողով անցկացնել՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, եվրոպական երկրների մասնակցությամբ»,- ասել է Սևաստյանովը։

Նա կարծիք է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարմար է ԵՄ-ին և Ռուսաստանին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մոդերատոր, քանի որ նա նախկինում չեզոք դիրք է գրավել և «դատապարտելով պատերազմը, չի դատապարտել Ռուսաստանին և նախագահ Պուտինին»։

«Մակրոնը ցույց տվեց, որ Հռոմի պապը համապատասխանում է Եվրոպային որպես բանակցող, հետո պարզվեց, որ նա ընդունելի է նաև ռուսական կողմի համար… Հռոմի պապը յուրահատուկ կերպար է, չեզոք, հեղինակություն ունեցող և պատրաստ ժամանակը ծախսել հաշտեցման վրա, լինել մոդերատոր»,- պարզաբանել է Սևաստյանովը։

Տեսանյութեր

Լրահոս