Աշխատանքային օրենսգրքի նոր փաթեթը կապահովի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության իրացումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը Մեդիա կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս ռազմավարությունից բխում են մի քանի այլ ռազմավարություններ, օրինակ՝ Զբաղվածության ռազմավարությունը, որն այս պահին քննարկման փուլում է գտնվում:

«Ռազմավարությունը միտված է արժանապատիվ աշխատանքի իրացման խնդիրների ապահովմանը»,-ասաց նա: Ռուբեն Սարգսյանը նաև հավելեց, որ հստակ թիրախավորում է արվել և կատարվել են մի շարք ոլորտային ուսումնասիրություններ:

«Արդեն իսկ մշակվել է աշխատանքային օրենսգրքի խոշոր փաթեթներից մեկը: Նոր փաթեթով ապահովելու ենք այս ռազմավարության կետերի իրացումը»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ իրազեկվածության բարձրացման խնդիր կա: «Անհրաժեշտ է պատրաստել պրոֆեսիոնալ մասնագետներ»,-նշեց նախարարի տեղակալը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանի դիտարկմամբ` ռազմավարությունը թիրախավորել է կոնկրետ խնդիրներ , որոնց լուծումը կարևոր է:

«Ռազմավարությունում շեշտվում է, որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների իրականացման մասով պետք է ներդրվեն նպաստավոր մեխանիզմներ, սակայն չի մանրամասնվում: Պրակտիկ խնդիրներ կան, որոնք տարածված են աշխատանքային իրավահարաբերություններում: Ռազմավարությունը թերի է աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,-ասաց նա:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ նշեց, որ ռազմավարությունը գրեթե չի անդրադարձել առողջ և աշխատանքային պայմանների ապահովմանը՝ աշխատավայրերում:

«Կարծում եմ, որ այս առումով մեծ անելիքներ ունենք: Չունենք աշխատատեղերի ատեստավորման կարգը»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրազեկվածության հետ կապված շատ անելիքներ կան: Իրազեկվածության կարիք ունի դեռևս աշխատաշուկա չմտած մարդը:

«Կլինի ավագ դպրոցում, բուհում, թե քոլեջում՝ մարդը որոշակի իրազեկվածության մակարդակ պետք է ունենա մինչ աշխատաշուկա մտնելը: Մենք ունենում ենք դեպքեր, երբ աշխատողը գալիս է խախտված աշխատանքային իրավունքով և նույնիսկ չգիտի այդ աշխատանքային պայմանագրում ի՞նչ է գրված, չի էլ կարդացել: Սրանք կարևոր հարցեր են, որոնք հետո բերում են ավելի խորը խնդիրների»,-ասաց նա:

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. Ռազմավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել երկու անգամ։ Այս պահին ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է։

 

Տեսանյութեր

Լրահոս