Apple-ը կթողարկի iPhone 15 Ultra-ն ծայրահեղ ամուր պատյանով
Վերջերս տեխնոլոգիական հսկան ներկայացրեց iPhone 14 շարքի սմարթֆոնները, սակայն ցանցում արդեն սկսել են հայտնվել iPhone 15-ի առաջիկա շարքի մասին հաղորդումները՝ բացահայտելով նոր սերնդի ֆլագմանների որոշ լուրջ փոփոխություններ:
Սպասվում է, որ Apple-ը կփոխարինի ամենաթանկ iPhone 15 Pro Max-ը iPhone 15 Ultra-ով: LeaksApplePro-ի նոր հաշվետվության համաձայն՝ նորույթը սովորական չժանգոտվող պողպատի փոխարեն՝ կստանա պրեմիում դասի տիտանի պատյան։ Այդ մասին գրում է Gizmochina-ն։
Տիտանի պատյանը կդարձնի iPhone-ն ավելի դիմացկուն քերծվածքներից։ Այն նաև ավելի թեթև և ամուր կլինի Apple-ի ներկայիս սմարթֆոններից: Այնուամենայնիվ, նյութն ինքնին թանկ է, ուստի դրա օգտագործումը կարող է հանգեցնել սարքերի գնի բարձրացման:
Բացի տիտանի կոնստրուկցիայից, վերջերս հրապարակվել են iPhone 15 Ultra-ի մասին որոշ այլ մանրամասներ: Նշվում է, որ հեռախոսը հագեցած է 3 նմ չիպով և USB-C պորտով Lightning միակցիչի փոխարեն: Հաղորդվում է նաև, որ սմարթֆոնը կստանա բարելավված դիմային տեսախցիկ և ավելի մեծ մարտկոց։ Վերջինս կավելացնի գաջեթի մարտկոցի ժամկետը։
iPhone 15 շարքը ավանդաբար կներկայացվի Apple-ի աշնանային շնորհանդեսին, որը հավանաբար տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի սկզբին կամ կեսերին։
Սիրարփի Աղաբաբյան