Փրկենք Հայաստանը և Արցախը. Ֆրանսիայում անցկացված վազքարշավին մասնակցել են տեղի խորհրդարանականներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Վազել՝ հանուն հիշատակի» ասոցիացիայի և «Ֆրանսահայ երիտասարդություն» միության կողմից, Մարսելի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 23-ին կազմակերպվել էր «Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավի 6-րդ թողարկումը, որն այս տարի կրում էր «Փրկենք Հայաստանը և Արցախը» խորագիրը։
Ընդհանուր առմամբ վազքարշավին մասնակցել է 800 վազորդ, որոնց թվում Ֆրանսիայի Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ, Բյուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասսալը (Martine Vassal), Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լորանս Պետելը (Anne-Laurence Petel), այլ խորհրդարանականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։ Բոլոր վազորդները կրել են «Փրկենք Հայաստանը և Արցախը» գրությամբ վերնաշապիկներ։
Վազքարշավի արդյունքներով տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման խորհրդանշական արարողություն, որին ներկա են գտնվել և ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան Դըլոգյուն (Sébastien DELOGU), Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (Benoît Payan) և այլք։
Մասնակիցների և ներկաների գնահատմամբ «Փրկենք Հայաստանը և Արցախը» վազքարշավի կազմակերպումը նպատակ ունի աշխարհում Հայաստանի և հայերի ձայնն ավելի լսելի դարձնել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և թույլ չտալ, որ կրկնվի նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
«Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավը հիմնադրվել է 2015թ․ «Վազել հանուն հիշատակի» ասոցիացիայի կողմից և նպատակն է պայքարել ցեղասպանությունների և ժխտողականության դեմ։ Վազքարշավի միջոցով մասնակիցները հղում են նաև հույսի և խաղաղության ուղերձ։